Անցնել բովանդակությանը

Անջատում

«Նույն հասցեով» ժողովածու

Լռություն է։ Խորունկ։ Խորհրդավոր։ Ամե՜ն ինչ է լռել։ Եվ լռել է այնպես, Ինչպես բառարանում բառն է լռում։ Եվ գիշերը չունի տասներկու ժամ, Այլ կրկնակի։ Խոտի թարմ բուրմունք է գալիս Այս ասֆալտի՞ց արդյոք, Թե՞ այս տըրամվայից, Որ ձգվել է հիմա լուռ փողոցում՝ Ինչ-որ հեքիաթական թրթուռի պես։ Ուրեմն անջատված է հոսանքն էլեկտրական։ «Անջատվա՜ծ է»։ Այս բառն ինձ դարձըրել է կշեռք Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ։ Սակայն Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն… Ո՞ւր ես։ Ի՞նչ ես անում։ Անջատվա՜ծ ենք։ Մագնիսական դա՛շտ կա։ Անջատվա՞ծ ենք։ Խնձորն էլ են քամում — հյութը հանում միջից։ Այդպես էլ մենք ահա… անջատվա՜ծ ենք… Ֆուտբոլասեր չեմ ես։ Բայց աչքերիս դիմաց Ինչ-որ մի գնդակ է անվերջ կաղում-խաղում։ Խենթանում են այսպե՞ս։ Գնդակն ի՞նչ գործ ունի Ի՛նձ հետ, լռությա՛ն հետ և մեր անջատմա՛ն հետ… Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ, Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ, Եվ կանացի ձեռք է՝ ճյուղի նման ջարդված… Տեսնես թե աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու, Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը։ Թե կա՝ ես փոխում եմ ազգությո՜ւնըս… Կա՞։ Պատասխան չկա։ Լռություն է։ Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա, Բայց և լռությո՛ւն չէ։ Համատարած ճի՜չ է։ Համատարած կա՜նչ է։ Համատարած գոռո՜ց։ Քառահատոր հսկա բառարանը հիմա Մե՛կ բառով է լցված՝ «անջատվել»-ով։ Եվ մե՛կ միտք է հիմա մեջըս գոռում-գոչում, — Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե՛նտ լեզու, Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը։ Թե կա՝ ես փոխում եմ ազգությո՜ւնըս…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Անջատում» բանաստեղծությունը («Նույն հասցեով» ժողովածուից) սիրո և բաժանումի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 38 տող՝ բաժանված 10 տան։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նույն հասցեով
Տողերի թիվ 38