Անցնել բովանդակությանը

Հարազատներ

«Անմահները հրամայում են» ժողովածու · 1947

Հարազատնե՛ր, Ես չմեռա, ես մնացի նորից կենդան, Ես ապրեցի ձեզնից հետո… Հարազատներ, որ թաղված եք մայր հողի տակ, Հարազատնե՛ր։ Ես տեսա այն, ինչ դուք տեսաք- Դեմքը մահի, Բայց ընկնելով անժամանակ, Դուք չտեսաք՝ ինչ տեսա ես - Մարտից հետո եկավ ապրի՛լ, եկավ Մայի՜ս, Եկավ Մայի՛ս ու հաղթանա՛կ1։ …Հարազատնե՛ր, Ես ի՞նչ երգով ձեզ ետ կոչեմ, Իմ՝ զինվորի ձայնը խուլ է, մինչ սիրտն է խոր… Հարազատնե՛ր, Կրկին ստեպն2 է կանաչել, Որ խեղդվել էր թնդանոթի թանձր ծխով։ Կրկին հիմա խարտիշահեր կազակուհին3, Շրջելով նույն ստեպներով, Հանկարծակի հիշում է սուր կատակ մի հին, Որ ձեզանից մեկն է ասել նրան մի օր, Ու ինձ նման՝ Չի իմանում ժպտա՞, թե՞ լա… Եվ շշնջում է միայն. Հարազատնե՜ր…

Երևան, 30.V.1947թ.

Ծանոթագրություններ

  1. 1 Մայիսյան հաղթանակ — Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիան ստորագրվել է 1945թ. մայիսի 8-ին՝ ավարտելով Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում։ Խորհրդային Միությունում հաղթանակի օր է նշվել մայիսի 9-ը, քանի որ հրադադարը հաստատվում էր Մոսկվայի ժամանակով հաջորդ օրը՝ ժամը 01:00-ից։
  2. 2 ստեպ — տափաստան, խոտաբույսերով ծածկված հարթավայր, ընդարձակ, հարթ, անտառ չունեցող տարածություն, փոխառություն ռուսերեն «степь» բառից
  3. 3 կազակներ — ռազմականացված համայնքներ Ռուսական կայսրության հարավային տափաստաններում (Դոն, Կուբան, Տերեկ), հայտնի իրենց հեծյալ զորքերով։ կազակուհի՝ կազակ կին։ Երկրորդ համաշխարհային պատերազմում կազակներից կազմված հեծյալ կորպուսները կռվել են հենց այդ տափաստաններում, որոնցով 1942-ին անցավ գերմանական հարձակումը, իսկ 1943-ին՝ խորհրդային հակահարձակումը։ Բանաստեղծության ստեպը հենց այդ մարտադաշտն է։

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Հարազատներ» բանաստեղծությունը (1947, «Անմահները հրամայում են» ժողովածուից) զոհված զինվորների և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։

Բանաստեղծությունը գրված է Հայրենական մեծ պատերազմից վերադարձած զինվորի անունից՝ որպես նամակ մարտերում զոհված իր ծառայակից ընկերներին։ Ողջ մնալու ուրախությանը այստեղ խառնված է մեղավորի զգացումին՝ նա տեսել է այն գարունն ու հաղթանակը, որ նրանք չտեսան։ Եզրափակիչ պատկերում ստեպը նորից կանաչում է, կյանքը շարունակվում, բայց հիշողությունը մնում է։

Ստեղծագործությունը պարունակում է 25 տող՝ 5-6-6-7-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1947 թ.
Ժողովածու Անմահները հրամայում են
Տողերի թիվ 25