Հայաստան
«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1950
Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա՛ծ,
Իմ փառապա՛նծ։
Հների մեջ՝ դու ալեհեր1,
Նորերի մեջ՝ նոր ու ջահել.
Դու՝ խաղողի խչմարված2 վազ,
Վշտերըդ՝ ջուր, ինքըդ ավազ.
Դու՝ բարդենի սաղարթաշատ3,
Առուն ի վար փռված փշատ4.
Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա5 մատյանի թերթ.
Դու՝ Զվարթնոց — ավեր տաճար,
Կոմիտասյան Ծիրանի ծառ.
Դու՝ ջրաղաց խորունկ6 ձորում,
Դու՝ հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի7 արծաթ խոփի8.
Դու՝ նե՛տ, նիզա՛կ, մկո՛ւնդ9 կոպիտ,
Դու՝ հայրենի ծխանի10 ծուխ,
Դու՝ անգի՛ր վեպ, դու՝ Սասնա ծո՜ւռ…
Իմ փառապա՛նծ
Իմ տառապա՛ծ,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ քաղցրանո՜ւն։
Դու՝ մրգերի շտեմարան,
Ոսկեվազյան11 գինու մառան.
Դու՝ թավշե դեղձ, դու՝ փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.
Դու՝ Սևանի վառվող կոհակ12,
Երևանի սյուն ու խոյակ13.
Դու՝ հանգրվան, կանչող փարոս,
Դու՝ հայկական գերբ ու դրոշ.
Խոսուն վկա կոտորածի
Ու վճիտ աչք ցամքած լացի,
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան -
Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան։
Երևան · 11.XI.1950թ.
Պարույր Սևակն ունի «Հայաստան» վերնագրով ևս մեկ բանաստեղծություն («Այստեղ ամեն ինչ ներկված է այնպես…», 1959)։
Ծանոթագրություններ
- 1 ալեհեր — ճերմակած մազերով
- 2 խչմարել — խչմար դնել՝ դեմ անել (ծառի, ճյուղի, թփի)
- 3 սաղարթաշատ — շատ սաղարթ (տերևներ) ունեցող
- 4 փշատ — փշատենու պտուղ, փշատենի
- 5 մագաղաթ — հատուկ եղանակով մշակվող կենդանիների մորթի, որն օգտագործվում է որպես գրելու թուղթ
- 6 խորունկ — խորը
- 7 գութան — մետաղյա լայն խոփով երկրագործական գործիք՝ հողը հերկելու (վարելու) համար
- 8 խոփ — գութանի մետաղյա մասը, որ խրվում է հողի մեջ և պատռում դրա շերտը
- 9 մկունդ — մեծ գեղարդ, նիզակ
- 10 ծխան — ծխնելույզ
- 11 ոսկեվազ — ոսկեգույն վազ, խաղողի վազ
- 12 կոհակ — բարձր ալիք (ծովի, լճի), հորձանք
- 13 խոյակ — սյան գլխին դրված քանդակազերծ քար, սյունագլուխ