Անցնել բովանդակությանը

Գայլին հսկումը

«Մահուան տաղեր» ժողովածու

Ձի՜ւն…։ Անդունդները լեցուցէր, և լեռներուն Կողերն ի վար, և դաշտերուն ծածկած վրան. Գի՛ւղ մը, հիւղեր՝ ճամբորդներու կարծես նման, Բլուրին ոտքը թաւալած, ինկած նկուն։ Լո՜ւռ իրիկուն միապաղաղ դաշտին վըրայ. Ճերմակ ծառեր կը խոնարհին մինչև գետին. Դէպի քաղաք ճամբան անհետ կը քնանայ… Վերադարձող կուսութեան ի՜ղձ մըն է յետին։ Հորիզոնին անփայլ լուսին մըն է փակէր… Կեա՛նքը յանկարծ… Գիւղին վրայ, կաթիլ-կաթիլ, Ինչպէս արիւն՝ կարմիր լոյսեր կուգան թափիլ։ Եվ կը դառնան նայիլ մարդիկ բլուրն ի վեր, — Ձիւնին երեսն երկարած շուքն իր ահաւոր՝ Գայլ մը, անշարժ, գիւղին վերև կը հսկէ կոր…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Գայլին հսկումը» սոնետ բանաստեղծությունը («Մահուան տաղեր» ժողովածուից) ձմռան և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Մահուան տաղեր
Տողերի թիվ 14