Անցնել բովանդակությանը

Լսելիք

«Հինգ զգայարանքները» ժողովածու

Ի՜նչպէս վեհ է լռութիւնն, որ տակաւ1 մէջըս կ՚իջնէ Նման ամպի խաւերու իրիկնային երկինքէն. Ու լռութեան մէջ այդ սուրբ, կարծես ամէն մէկ դուռնէ Ելլող պայծառ մանուկներ, որ աղօթքի կը դիմեն՝ Մտքիս ամէն մէկ խորշէն յաջորդաբար ինձ կուգան Անուշ ձայներն երբեմնի, — եկեղեցւոյ կոչնակին, Ու ժամկոչին այգաձայն, ու կաղանդի2 գիշերուան, Ու հօտերուն արածուող, ու սրինգին հեշտագին…։ Կը լեցընէ զիս ծովուն անհուն աղմուկն սպիտակ, Ու գորշ ժխորն անձրևին… Ահա՛ կալեակ առ կալեակ Ժայթքող դայլայլը թռչնոց… և մորըս ձա՜յնը ահա՛, Ու քրոջըս ալ՝ ա՜յնքան ցած… Ու ամէնէն վերջ հիմայ, Հին մրմունջները սիրոյ՝ որոնցմով, ո՛վ ականջներս, Դուք լեցուն էք ու լեցո՜ւն կ՚երթաք մահուան դուռնէն ներս…

Ծանոթագրություններ

  1. 1 Տակաւ — դեռևս, արդէն, կամաց - կամաց
  2. 2 Կաղանդ — նոր տարի

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Լսելիք» սոնետ բանաստեղծությունը («Հինգ զգայարանքները» ժողովածուից) հիշողության և մանկության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հինգ զգայարանքները
Տողերի թիվ 14