Անցնել բովանդակությանը

V Վերացում

«Մահուան տաղեր» ժողովածու

Ո՛չ ընտանի անասուն, ո՛չ ալ գազան քարայրի. Երբեմըն ծով և երբե՛մն հազիւ առու մը պզտիկ. Հոգւոյն մէջ շող մ՚աստղերէն, մինչդեռ մարմինը կ՚այրի Գեհեններու կրակով… այսպէս ծնաք զայն, ո՛վ դիք1… Իր մտափին վրայ երկինք մակընթանայ պիտի հար. Պիտի յաւէտ գալարուի արիւնարբու իր հոգին. Եվ մերթ հպարտ Հերակլէս, մերթ ալ գերի դողահար՝ Ինքը իր դէմ յաւիտեան պիտի կռուի զայրագին…։ Շնորհեցէք այժմ, ո՜վ դիք, որ չդարձած դեռ հողին, — Որուն յոգնած, բայց ազնիւ մէկ կոյտէն զայն կերտեցիք, — Իր աչուըներն հաւատքով վերջին անգամ փողփողին…։ Երկրէ երկինք երկարող յոյսի ճամբէն գեղեցիկ Թողէ՛ք հոգւոյն, որ մեկնի սրաթըռիչ, լուսաւէտ, Թողէ՛ք երթայ մահուան մէջ՝ իր մեծ սէրերը իր հետ…։

Ծանոթագրություններ

  1. 1 Դիք — հեթանոսական աստուածներ, չաստուած

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «V Վերացում» սոնետ բանաստեղծությունը («Մահուան տաղեր» ժողովածուից) մարդի և փիլիսոփայության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Մահուան տաղեր
Տողերի թիվ 14