Անցնել բովանդակությանը

Հին պարտիզում

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Այսօր նորից պարտիզում Շրջում էի և հիշում Քեզ արթմնի երազում, Ոսկի, ոսկի մշուշում… Դու քո հեռու հեռավոր Անհայտ երկրռւմ արդյոք ինձ Մտաբերո՞ւմ ես այսօր Այն ոսկեղեն աշխարհից։ — Հիշո՞ւմ ես դու ակացիան Եվ պարտեզը իրիկվա Հանգիպումը մայիսյան Պատանու և աղջկա։ Եվ սենյակը ամփոփիկ Եվ տնակը հեռավոր, Գաղտնիքները մեր փոքրիկ, Սակայն քա՜ղցր, սակայն խո՜ր Հիշո՞ւմ ես դու այն արագ Ժամերը, երբ ես ու դու Նստում էինք անկրակ.— Դյութանք սրտի՜ և հոգո՜ւ։ Եվ խավարում, խավարում Հիշո՞ւմ ես ջերմ շուրթերի Հանդիպումը հրահրուն,— Հուզմունքն արբած սրտերի… Եվ պարտիզում մեր անուշ Տեսակցությունն այն գիշեր, Կիսախավարը քնքուշ.– Ցնորակա՜ն իմ հուշեր…

1908

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Հին պարտիզում» բանաստեղծությունը (1908, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 28 տող՝ բաժանված 7 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 28