Անցնել բովանդակությանը

Կա խորհրդավոր մի հըրապուրանք

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1905

Կա խորհրդավոր մի հըրապուրանք Քո շարժումների անխոս զրույցում, Ինչ-որ օձային ինքնահիացում Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք։ Մի այլ երկրային երաժըշտության Ելևէջների պչրանքն եմ հիշում, Քո շարժումները աղոթք են շարժում, Քո շարժումները և՛ կան, և՛ չըկան… Երկրում են սնված, բայց ոչ երկրային Արբեցումներ են նոքա խոստանում, Մի այլ տանջանքի եդեմ են տանում, Մատնելով հոգիս չարքերի խաղին…

1905

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Կա խորհրդավոր մի հըրապուրանք» բանաստեղծությունը (1905, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) կիրքի և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12