Հենրիկ Բաբաջանյանի կենսագրությունը
Հենրիկ Հովհաննեսի Բաբաջանյանը (օգոստոսի 14, 1952, Ղարադաղլու, Ադրբեջան — նոյեմբերի 29, 2025) հայ բանաստեղծ և լրագրող է՝ աֆորիզմների, առակների, քառյակների և մանկական բանաստեղծությունների հեղինակ։ Գրել է ավելի քան 3000 գործ և դարձել ժամանակակից հայ ամենաընթերցվող ու մեջբերվող հեղինակներից մեկը։
Կյանքը
Ծնվել է 1952 թվականի օգոստոսի 14-ին Ադրբեջանում՝ Կիրովաբադ (այժմ՝ Գյանջա) քաղաքի մոտ գտնվող Ղարադաղլու գյուղում, ուսուցչի ընտանիքում։ Ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը՝ տեղափոխվել է Հայաստան՝ ուսումը շարունակելու, ընդունվել Հոկտեմբերյանի տեխնոլոգիական տեխնիկումը, ծառայել խորհրդային բանակում, ապա ավարտել ուսումն ու վերադարձել գյուղ։
Աշխատել է «Բանվորական Կիրովաբադ» թերթի արդյունաբերական բաժնում՝ որպես սեփական թղթակից։ Հեռացել է այդ աշխատանքից, ինչպես ինքն է բացատրել, ստեղծագործական ազատության բացակայության պատճառով. մարդկանց ցավերի, հոգսերի ու դժվարությունների մասին գրածը ոչ մի խմբագիր տպագրելու իրավունք չուներ։ Հետագայում տեղափոխվել է Պյատիգորսկ, որտեղ և ապրել է մինչև կյանքի վերջը՝ մնալով տեղի հայ համայնքի ակտիվ անդամ։ Մահացել է 2025 թվականի նոյեմբերի 29-ին՝ 73 տարեկանում։
Ամուսնացած էր, ուներ երկու դուստր՝ Լուսինե և Նելլի։
Ստեղծագործությունը
Տարիների ընթացքում գրել է աֆորիզմներ, առակներ և քառյակներ՝ ավելի քան երեք հազար գործ, որոնք երկար մշակել ու հղկել է՝ ըստ իր խոսքի, «որպեսզի լինեն կարճ, բովանդակալից, առանց ավելորդ տողերի և բառերի»։
Գրել է նաև մանուկների համար։ Այս էջում ամփոփված են այբուբենի տառերին նվիրված «Այբ», «Բեն», «Գիմ» շարքը, ինչպես նաև դպրոցի, Սեպտեմբերի 1-ի ու աշնան մասին գործերը։ Հենց այս բանաստեղծություններն են, ինչպես նշվում է նրա հիշատակին նվիրված խոսքում, օգնել սփյուռքի փոքրիկ հայրենակիցներին յուրացնելու մայրենի լեզուն։
Իր մասին խոսել է ընդգծված համեստությամբ. «Ես ի՞նչ բանաստեղծ եմ, ժողովուրդ. բանաստեղծը Նարեկացին է, Չարենցը, Թումանյանը, Տերյանը, Սևակը, Շիրազը»։ Իր գործերի մասին ասել է, որ դրանք «ուշացած, հնաոճ և ոչ մոդայիկ են», և թողել է դատողությունը ընթերցողին ու ժամանակին։
Բաբաջանյանի հայտնի գործեր
Բոլորը →Գիմ
Գ-ն եմ՝ Գիմ-ն եմ,
Գարնան հիմն եմ,
Գորովն՝ հարգի,
Ծաղկած այգի՝
Բեն
Ես Բ տառն եմ,
Բարի բառն եմ,
Բարիք եմ, բերք,
Բարբառ ու երգ։
Այբ
Ես Ա տառն եմ՝
Արտն ու առ եմ,
Արշալույսը՝
Այգն ու լույսը,
Աշուն է
— Հե՜յ, վերևում,
Արև-Արփի,
Չես երևում
Դու մի կարգին։
Ողջու՜յն, դպրոց
Ողջու՜յն, դպրոց,
Մտքի հնոց,
Եվ՝ անպատճառ,
Ուսող կաճառ։
Սեպտեմբերի մեկը
Եկավ Մեկը Սեպտեմբերի,
Որ գիտության սերմը բերի
Մեր ուղեղի պարարտ հերկին,
Ուշիմ ու լուրջ ամեն մեկին։
Հաճախ հանդիպող թեմաներ