Տաղ անձնական
«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1919
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով —
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով։
Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,—
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով1:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված — վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար — էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով2:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի —
Ես — հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի —
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՜չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում —
Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավ — մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
Ծանոթագրություններ
- 1 տապար — կացին։
- 2 կապար — դյուրահալ կապտամոխրագույն մետաղ, արճիճ. (բնստ.) գնդակ։