Մանիշակ
1871
Ո՛վ մանիշա՛կ, մանիշակ,
Ինչո՞ւ այդպես գլխիկոր
Նայիս հողին սըգավոր…
Օ՜հ, ինչի՞ այդ նըշանակ։
Միթե դու կո՞ւյս մը տեսար,
Որուն աչաց քով կապուտ՝
Ըզքեզ գըտար այնչափ մութ,
Որ կը սըգաս սևահար։
Եթե դու ալ վարդին պես
Ունենայիր դույզն բոսոր,
Կը շիկնեիր, ինչպես որ
Շիկնեցավ այն վարդը վես,
Երբ տեսավ օր մը ներա
Վարդերն անբիծ այտերուն։
Շուշանին պես դալկություն
Եթե ըլլար քու վըրա։
Դժգունեիր որպես նա,
Ինչպես որ օր մը շուշան
Դժգունեցավ աննըշան,
Տեսավ ձեռներն երբ ներա։
Եվ դեռ ըսե՞մ… օր մ՚երկին
Ամպոտեցավ… է՞ր արդյոք.
Երբոր կ՚ըներ նե աղոթք,
Վերն հառած աչքն ու հոգին։
Ո՛վ մանիշա՛կ, մանիշա՛կ,
Ինչո՞ւ այդպէս գլխիկոր
Նայիս հողին սըգաւոր…
Ո՛հ, ինչի՞ այդ նըշանակ։
Միթէ դու կո՞յս մը տեսար,
Որուն աչաց քով կապուտ՝
Ըզքեզ գըտար այնչափ մութ,
Որ կը սըգաս սեւահար։
Եթէ դու ալ վարդին պէս
Ունենայիր դոյզն բոսոր,
Կը շիկնէիր, ինչպէս որ
Շիկնեցաւ այն վարդը վէս,
Երբ տեսաւ օր մը ներա
Վարդերն անբիծ այտերուն։
Շուշանին պէս դալկութիւն
Եթէ ըլլար քու վըրայ,
Դժգունէիր որպէս նա,
Ինչպէս որ օր մը շուշան
Դժգունեցաւ աննըշան՝
Տեսաւ ձեռներն երբ ներա։
Եւ դեռ ըսե՞մ… օր մ՚երկին
Ամպոտեցաւ… է՞ր արդեօք…
Երբոր կ՚ընէր նէ աղօթք,
Վերն յառած աչքն ու հոգին։