Տրտունջք
Է՜հ, մնաք բարով, Աստված և արև,
Որ կը պըլպըլաք իմ հոգվույս վերև…։
Աստղ մ՚ալ ես կ՚երթամ հավելուլ երկնից,
Աստղերն ի՞նչ են որ, եթե ո՛չ անբիծ
Եվ թշվառ հոգվոց անեծք ողբագին,
Որ թըռին այրել ճակատն երկնքին.
Այլ այն Աստուծույն՝ շանթերո՜ւ արմատ՝
Հավելուն զենքերն ու զարդերն հըրատ…։
Այլ, ո՜հ, ի՞նչ կ՚ըսեմ… շանթահարե զիս,
Աստվա՛ծ, խոկն հըսկա փշրե հյուլեիս,
Որ ժպըրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուղքն ահալի1…։
Ողջո՜ւյն քեզ, Աստված դողդոջ Էակին,
Շողին, փըթիթին, ալվույն ու վանկին,
Դու որ ճակտիս վարդն և բոցն աչերուս
Խըլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգվույս,
Ամպ տըվիր աչացս, հևք տըվիր սրտիս,
Ըսին մահվան դուռն ինձ պիտի ժպտիս,
Անշուշտ ինձ կյանք մը կազմած ես ետքի,
Կյանք մ՚անհուն շողի, բույրի, աղոթքի.
Իսկ թե կորնչի պիտի իմ հուսկ շունչ
Հոս մառախուղի մեջ համր անշըշունջ,
Այժմեն թո՜ղ որ շանթ մ՚ըլլամ դալկահար,
Պլլըվիմ անվանդ մռնչեմ անդադար,
Թող անեծք մ՚ըլլամ քու կողըդ խըրիմ,
Թող հորջորջեմ քեզ «Աստված ոխերիմ»։
Ո՜հ, կը դողդոջեմ, դժգույն եմ, դժգո՜ւյն,
Փըրփըրի ներսըս դըժոխքի մ՚հանգույն2…։
Հառաչ մ՚եմ հեծող նոճերու մեջ սև,
Թափելու մոտ չոր աշնան մեկ տերև…։
Ո՜հ, կայծ տըվե՛ք ինձ, կայծ տըվե՛ք, ապրի՜մ.
Ի՜նչ, երազե վերջ գրկել ցուրտ շիրի՜մ…
Այս ճակատագիրն ի՜նչ սև է, Աստվա՛ծ,
Արդյոք դամբանի մրուրո՞վ է գծված…։
Ո՜հ, տըվե՛ք հոգվույս կրակի մի կաթիլ,
Սիրել կ՚ուզեմ դեռ ապրիլ ու ապրիլ.
Երկնքի աստղե՛ր, հոգվույս մեջ ընկե՛ք,
Կայծ տըվեք, կյա՛նք՝ ձեր սիրահարին հեք։
Գարունն ո՛չ մեկ վարդ ճակտիս դալկահար՝
Ո՛չ երկնի շողերն ժըպիտ մ՚ինձ չեն տար։
Գիշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր,
Լուսինն հար կուլա, խուզարկե վըհեր։
Կ՚ըլլան մարդիկ, որ լացող մը չունին,
Անոր համար նա դըրավ այդ լուսին.
Եվ մահամերձն ալ կ՚ուզե երկու բան,
Նախ՝ կյա՜նքը, վերջը՝ լացող մ՚իր վըրան։
Ի զո՜ւր գըրեցին աստղերն ինծի «սե՜ր»,
Եվ ի զո՜ւր ուսուց բուլբուլն ինձ «սիրել»,
Ի զո՜ւր սյուքեր «սե՜ր» ինձ ներշնչեցին,
Եվ զիս նորատի ցուցուց ջինջ ալին,
Ի զո՜ւր թավուտքներ լըռեցին իմ շուրջ,
Գաղտնապահ տերևք չառին երբե՛ք շունչ,
Որ չը խըռովին երազքըս վըսեմ,
Թույլ տըվին որ միշտ ըզնե երազեմ,
Եվ ի զո՛ւր ծաղկունք, փըթիթնե՜ր գարնան,
Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան…
Ո՜հ, նոքա ամենքը զիս ծաղրեր են…
Աստուծո ծաղրն է Աշխարհ ալ արդեն…։
Է՜հ, մընաք բարով, Աստուած եւ արեւ,
Որ կը պըլպըլաք իմ հոգւոյս վերեւ…։
Աստղ մ՚ալ ես կ՚երթամ յաւելուլ երկնից,
Աստղերն ի՞նչ են որ, եթէ ո՛չ անբիծ
Եւ թշուառ հոգւոց անէծք ողբագին,
Որք թըռին այրել ճակատն երկնքին.
Այլ այն Աստուծոյն՝ շանթերո՜ւ արմատ՝
Յաւելուն զէնքերն ու զարդերն հըրատ…։
Այլ, ո՜հ, ի՞նչ կ՚ըսեմ… շանթահարէ զիս,
Աստուա՛ծ, խոկն հըսկայ փշրէ հիւլէիս,
Որ ժպըրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուղքն ահալի…։
Ողջո՜յն քեզ, Աստուած դողդոջ էակին,
Շողին, փըթիթին, ալւոյն ու վանկին,
Դու որ ճակտիս վարդն եւ բոցն աչերուս
Խըլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգւոյս,
Ամպ տըւիր աչացս, հեւք տըւիր սրտիս,
Ըսին մահուան դուռն ինձ պիտի ժպտիս,
Անշուշտ ինձ կեանք մը կազմած ես ետքի,
Կեանք մ՚անհուն շողի, բոյրի, աղօթքի.
Իսկ թէ կորնչի պիտի իմ հուսկ շունչ
Հոս մառախուղի մէջ համր անշըշունջ,
Այժմէն թո՛ղ որ շանթ մ՚ըլլամ դալկահար,
Պլլըւիմ անուանդ մռնչեմ անդադար,
Թող անէծք մ՚ըլլամ քու կողըդ խըրիմ,
Թող յորջորջեմ քեզ «Աստուած ոխերիմ»։
Ո՜հ, կը դողդոջեմ, դժգոյն եմ, դժգո՜յն,
Փըրփըրի ներսըս դըժոխքի մ՚հանգոյն…։
Հառաչ մ՚եմ հեծող նոճերու մէջ սեւ,
Թափելու մօտ չոր աշնան մէկ տերեւ…։
Ո՜հ, կայծ տըւէ՛ք ինձ, կայծ տըւէ՛ք, ապրի՜մ.
Ի՜նչ, երազէ վերջ գրկել ցուրտ շիրի՜մ…
Այս ճակատագիրն ի՜նչ սեւ է, Աստուա՛ծ,
Արդեօք դամբանի մրուրո՞վ է գծուած…։
Ո՜հ, տըւէ՛ք հոգւոյս կրակի մի կաթիլ,
Սիրել կ՚ուզեմ դեռ ւ՚ապրիլ ու ապրիլ.
Երկնքի աստղե՛ր, հոգւոյս մէջ ընկէ՛ք,
Կայծ տըւէ՛ք, կեա՛նք՝ ձեր սիրահարին հէք։
Գարունն ո՛չ մէկ վարդ ճակտիս դալկահար՝
Ո՛չ երկնի շողերն ժըպիտ մ՚ինձ չ՚են տար։
Գիշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր,
Լուսինն յար կու լայ, խուզարկէ վըհեր։
Կ՚ըլլան մարդիկ, որ լացող մը չունին,
Անոր համար Նա դըրաւ այդ լուսին.
Եւ մահամերձն ալ կ՚ուզէ երկու բան,
Նախ՝ կեա՜նքը, վերջը՝ լացող մ՚իր վըրան։
Ի զո՜ւր գըրեցին աստղերն ինծի «սէ՜ր»,
Եւ ի զո՜ւր ուսուց բուլբուլն ինձ «սիրել»,
Ի զո՜ւր սիւքեր «սէ՜ր» ինձ ներշնչեցին,
Եւ զիս նորատի ցուցուց ջինջ ալին,
Ի զո՜ւր թաւուտքներ լըռեցին իմ շուրջ,
Գաղտնապահ տերեւք չառին երբե՛ք շունչ,
Որ չը խըռովին երազքըս վըսեմ,
Թոյլ տըւին որ միշտ ըզնէ երազեմ,
Եւ ի զո՛ւր ծաղկունք, փըթիթնե՜ր գարնան,
Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան…
Ո՜հ, նոքա ամէնքը զիս ծաղրեր են…
Աստուծոյ ծաղրն է Աշխարհ ալ արդէն…։
Ծանոթագրություններ
- 1 ահալի — Տողը վիճելի է։ Պարույր Սևակի և ուրիշների կարծիքով Դուրյանը գրել է «անալի»՝ առանց ալիքների, փոխաբերաբար՝ աստիճաններ չունեցող։ Այլ տեսակետով «անալի»-ն ձեռագրի սխալ ընթերցում է՝ «հ» տառը շփոթվել է «ն»-ի հետ։ 1971 թվականի գիտական հրատարակության մեջ տպված է «ահալի»։
- 2 հանգույն — նման, համանման։