Իմ ցավը
Սուրբ տենչերով լոկ ծարաված՝
Ցամաք գտնե՛լ աղբերքն համայր,
Ցամքի՜լ ծաղիկ հասակի մեջ,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։
Ջերմ համբույրով մը դեռ չ՚այրած
Սա ցուրտ ճակատըս դալկահար
Հանգչեցունե՛լ հողե բարձին,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։
Դեռ չը գրկած էակ-փունջ մը
Ժըպտե, գեղե, հուրե շաղյալ՝
Գրկե՛լ սա ցուրտ հողակույտը,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։
Քաղցր երազով մ՚հըղի մրափ մը
Չանդորրած գլուխս մըրկահար՝
Ննջել հողե վերմակի տակ,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։
Հագնի՛լ հյուղին մուր-անունը,
Ծըծե՛լ նորա մըրուր-օդն հար,
Միշտ ցավիլը միանգամայն,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։
Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝
Հայրենիք մը ունիմ թըշվառ,
Չ՚օգնած անոր՝ մեռնի՛լ աննշան,
Ո՜հ, ա՛յս է սոսկ ցավ ինձ համար։
Սուրբ տենչերով լոկ ծարաւած՝
Ցամաք գտնե՛լ աղբերքն յամայր,
Ցամաքի՜լ ծաղիկ հասակի մէջ,
Ո՜հ, չէ այնչափ ցաւ ինձ համար։
Ջերմ համբոյրով մը դեռ չայրած
Սա ցուրտ ճակատըս դալկահար՝
Հանգչեցունե՛լ հողէ բարձին,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցաւ ինձ համար։
Դեռ չը գրկած էակ փունջ մը
Ժպտէ, գեղէ, հուրէ շաղեալ՝
Գրկե՛լ սա ցուրտ հողակոյտը,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցաւ ինձ համար։
Քաղցր երազով մ՚յըղի մրափ մը
Չ՚անդորրած գլուխս մրրկահար՝
Ննջե՛լ հողէ վերմակի տակ,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցաւ ինձ համար։
Հագնի՛լ հիւղին մուր-անունը,
Ծըծե՛լ նորա մըրուր-օդն յար,
Միշտ ցաւի՛լը միանգամայն,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցաւ ինձ համար։
Հէգ մարդկութեան մէկ ոստը գօս՝
Հայրենիք մը ունիմ թըշուառ,
Չօգնած անոր՝ մեռնի՛լ աննշան,
Ո՜հ, ա՛յս է սոսկ ցաւ ինձ համար։