Արաքսի արտասուքը
1856
Նվեր Գևորգ Քանանյանին
Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գընում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պըտրում եմ։
Բայց նոքա միշտ հեղհեղուկ,
Պըղտոր ջրով եզերքին
Դարիվ-դարիվ խըփելով
Փախչում էին լալագին։
— Արա՛քս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած՝
Սըգավոր ես ինձ նըման։
Ինչո՞ւ արցունք ցայտում են
Քու սեգ, հըպարտ աչերից,
Ինչո՞ւ արագ փախչում ես
Այդ հարազատ ափերից։
Մի՛ պըղտորիլ հատակրդ,
Հանդարտ հոսե՛ խայտալով,
Մանկությունը քու կարճ է՝
Շուտ կը հասնիս դեպի ծով։
Վարդի թըփեր թո՛ղ բըսնին
Քու հյուրընկալ ափի մոտ,
Սոխակները նոցա մեջ
Երգեն մինչև առավոտ։
Մըշտադալար ուռիներ
Սառ ծոցի մեջ քու ջըրին,
Ճկուն ոստըն ու տերև
Թող թաց անեն տապ օրին։
Ափերիդ մոտ երգելու
Հովիվք թո՛ղ գան համարձակ,
Գառն ու ուլը քու վըճիտ
Ջուրը մըտնին միշտ արձակ։
Մեջքը ուռցուց Արաքսը,
Փրփուր հանեց իր տակից,
Ամպի նըման գոռալով,
Էսպես խոսեց հատակից.
— Խիզա՜խ, անմի՛տ պատանի,
Նիրհըս ինչո՜ւ դարևոր
Վրդովում ես, նորոգում
Իմ ցավերը բյուրավոր։
Սիրելիի մահից հետ
Ե՞րբ ես տեսել, որ այրին
Ոտից գըլուխ պըճնվի
Իր զարդերով թանկագին։
Որի՜ համար զարդարվիմ,
Որի՜ աչքը հրապուրեմ,
Շատերն ինձ են ատելի,
Շատերին՝ ես օտար եմ…
Իմ ազգակից գիժ Քուռը,
Թեև այրի ինձ նըման,
Ըստրկորեն կրում է
Գայթակղիչի կուռ շղթան։
Բայց նա ինձ չէ օրինակ,
Ես հայ՝ հայիս կըճանչնամ,
Օտար փեսա չուզելով,
Ես միշտ այրի կըմնամ։
Կար ժամանակ, որ ես էլ,
Շըքեղազարդ հարսի պես,
Հազար ու բյուր պըչրանքով
Փախչում էի ափերես։
Հատակըս պարզ ու վըճիտ,
Կոհակներըս ոլորուն,
Լուսաբերը մինչև այգ
Ջըրիս միջին էր լողում։
Ի՞նչըս մընաց էն օրից,
Ո՞ր ջըրամոտ գեղերըս,
Ո՞րը իմ շեն քաղաքից,
Ո՞ր բերկրալի տեղերըս։
Տուրքը ջըրի ամեն օր
Իր սուրբ ծոցեն Արարատ
Մայրախընամ ինձ սընունդ
Պարգևում է լիառատ։
Բայց ես այն սուրբ ջըրերով,
Սուրբ Ակոբի աղբյուրին,
Պիտի ցողեմ արտորա՞յք
Իմ ատելի օտարին…
Մինչ իմ որդիք,— ո՞վ գիտե —
Ծարավ, նոթի, անտերունչ
Օտար աշխարհ հածում են
Թույլ ոտքերով կիսաշունչ…
Հեռո՜ւ, հեռո՜ւ քըշեցին
Բընիկ ազգըն իմ Հայկյան,
Նորա տեղը ինձ տըվին
Ազգ անկըրոն, մոլեկան։
Դոցա՞ համար զարդարեմ
Իմ հյուրընկալ ափերը,
Եվ կամ՝ դոցա՞ հրապուրեմ
Ճըպռոտ, պըլշած աչերը։
Քանի որ իմ զավակունք
Այսպես, կու մընամ պանդուխտ՝
Ինձ միշտ սըգվոր կը տեսնեք,—
Այս է անխաբ իմ սուրբ ուխտ…
Էլ չի խոսեց Արաքսը,
Հորձանք տվեց ահագին,
Օղակ-օղակ օձի պես
Առաջ սողաց մոլեգին։
Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ,
Հին-հին դարուց յիշատակ
Ալեաց մէջը պտրում եմ։
Բայց նոքա միշտ յեղյեղուկ,
Պղտոր ջրով եզերքին
Դարիւ-դարիւ խփելով
Փախչում էին լալագին։
— Արաքս, ինչո՞ւ ձկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած՝
Սըգաւոր ես ինձ նման։
Ինչո՞ւ արցունք ցայտում են
Քու սէգ, հպարտ աչերից,
Ինչո՞ւ արագ փախչում ես
Այդ հարազատ ափերից։
Մի՛ պըղտորիլ յատակդ,
Հանդարտ հոսէ խայտալով։
Մանկութիւնը քու կարճ է՝
Շուտ կը հասնիս դէպի ծով։
Վարդի թըփեր թող բըսնին
Քու հիւրընկալ ափի մօտ,
Սոխակները նոցա մէջ
Երգեն մինչեւ առաւօտ։
Մըշտադալար ուռիներ
Սառ ծոցի մէջ քու ջրին,
Ճկուն ոստն ու տերեւ
Թող թաց անեն տապ օրին։
Ափերիդ մօտ երգելու
Հովիւք թող գան համարձակ,
Գառն ու ուլը քու վըճիտ
Ջուրը մըտնին միշտ արձակ։
Մէջքը ուռցուց Արաքսը,
Փրփուր հանեց իր տակից,
Ամպի նման գոռալով,
Էսպէս խօսեց յատակից.
— Խիզա՛խ, անմի՛տ պատանի,
Նիրհըս ինչո՞ւ դարեւոր
Վրդովում ես, նորոգում
Իմ ցաւերը բիւրաւոր։
Սիրելիի մահից ետ
Ե՞րբ ես տեսել, որ այրին
Ոտքից գլուխ պըճնուի
Իր զարդերով թանկագին։
Որի՞ համար զարդարուիմ,
Որի՞ աչքը հրապուրեմ,
Շատերն ինձ են ատելի,
Շատերին՝ ես օտար եմ…
Իմ ազգակից գիժ Քուռը,
Թէեւ այրի ինձ նման,
Ստրկօրէն կրում է
Գայթակղիչի կուռ շղթան։
Բայց նա ինձ չէ օրինակ,
Ես հայ՝ հայիս կը ճանչնամ,
Օտար փեսայ չուզելով,
Ես միշտ այրի կը մնամ։
Կար ժամանակ, որ ես էլ,
Շըքեղազարդ հարսի պէս,
Հազար ու բիւր պըչրանքով
Փախչում էի ափերէս։
Յատակս պարզ ու վճիտ,
Կոհակներս ոլորուն,
Լուսաբերը մինչեւ այգ
Ջրիս միջին էր լողում։
Ի՞նչս մնաց էն օրից,
Ո՞ր ջրամօտ գեղերըս,
Ո՞րը իմ շէն քաղաքից,
Ո՞ր բերկրալի տեղերըս։
Տուրքը ջըրի ամէն օր
Իր սուրբ ծոցէն Արարատ
Մայրախընամ ինձ սնունդ
Պարգեւում է լիառատ։
Բայց ես այս սուրբ ջըրերով,
Սուրբ Ակոբի աղբիւրին,
Պիտի ցօղեմ արտօրա՞յքն
Իմ ատելի օտարին…
Մինչ իմ որդիք,- ո՞վ գիտէ —
Ծարաւ, նօթի, անտէրունչ
Օտար աշխարհ յածում են
Թոյլ ոտքերով կիսաշունչ…
Հեռո՜ւ, հեռո՜ւ քըշեցին
Բնիկ ազգըն իմ հայկեան,
Նորա տեղը ինձ տուին
Ազգ անկրօն, մոլեկան։
Դոցա՞ համար զարդարեմ
Իմ հիւրընկալ ափերը,
Եւ կամ՝ դոցա՞ հրապուրեմ
Ճըպռոտ, պըլշած աչերը։
Քանի որ իմ զաւակունք
Այսպէս կու մընան պանդուխտ՝
Ինձ միշտ սգուոր կը տեսնէք,—
Այս է անխաբ իմ սուրբ ուխտ…
Էլ չի խօսեց Արաքսը,
Յորձանք տուեց ահագին,
Օղակ-օղակ օձի պէս
Առաջ սողաց մոլեգին։