Հայ պատանին երգում է
Հայկ ու Լևոնին մոռանանք, եղբարք,
Թափ տանք մեզանից փոշին հընության,
Վերածնենք մեր մեջ նոր կյանք ու նոր բարք,
Կեցցե՛ շատ օրեր մանուկ-Հայաստան։
Կեցցե՛ շատ օրեր մանուկ-Հայաստան,
Նա՝ որ դեռ միայն մեր սըրտի խորքում
Ունի յուր հիմքը, ո՛չ տուն, ո՛չ կայան
Չունի տակավին բուն Հայաստանում։
Եղբա՛րք, բանը դեռ անշոշափելի
Այժմուս մեր մըտքին՝ ցընորք չի կարծենք,
Բանը կմարմնանա ու տեսանելի
Կը լինի շուտ. միայն մենք վըստահ լինենք։
Մեր հույսը միայն մեր վըրա լինի,
Չեն պետք մեզ նըպաստ մեծատուններին,
Ողորմությամբ թո՛ղ մուրացիկն ապրի,
Մուրացողըն միշտ ստրուկ է օտարին։
Կեցցե՛ Հայաստան, որ երազական
Կարծում են ծերերն. իրոք չէ՛ այդպես.—
Մեր հայրենին դեռ չ՚է չվառական1,
Քանի որ ունի քաջ որդիք մեզ պես։
Բա՛վ է, օտարին շատ ծառայեցինք,
Ըստրկի վիճակն չէ՛ հավերժական,
Ազատության գինն մենք քաջ սերտեցինք,
Էլ չենք հավատալ օտարի խոստման։
Օտարի շահը թույն է մահաբեր,
Աչք է կուրացնում, միտք է պըղտորում,
Գերի է դարձնում մարդ ազատասեր,
Ոսկի շըղթայով ձեռք ոտք է կապում։
Կըփըշրեմ շըղթաս, կերթամ Հայաստան,
Կըպագնեմ նորա հողը անարատ,
Կասեմ. «Եկել եմ որդիդ չվառական,
Գըրկիդ մեջ ինձ ա՛ռ, մայր իմ հարազատ։
Չունիմ ես ոսկի, այլ ոսկու մադան2,
Ջըլոտ ձեռք ջուխտակ ու սիրտ անվեհեր,
Ձեռքումս ունիմ բահ ու հըրացան,
Սըրտումըս ունիմ ազնիվ խորհուրդներ։
Քու հողն արգավանդ, ես մըշակ արի,
Մենք հաշտ կու ապրինք շատ ու շատ տարի.
Ուրջուներեդ քեզ ոչինչ շահ չըկա,
Թույլ տուր, որ բըռնի հալածեմ նոցա։
Դու որդիք ունիս չորս միլիոն ու կես,
Թե հանկարծ գաղթեն՝ նոցա տեղ ունե՞ս,
Ըստինքիդ կաթը խնայե օտարեն,
Գալու որդիքըդ քաղցած, ծարավ են…»։
Հարավ, հյուսիսեն փոշի վերացավ…
Ձայն, տրոփ, խոսք, շըշուկ զիլ-զիլ լըսվեցավ…
Մասսա ճակատեն մեգը3 հեռացավ…
Մանուկ-Հայաստանն ոտքի կայնեցավ…
Հայկ ու Լեւոնին մոռանանք, եղբարք,
Թափ տանք մեզանից փոշին հնութեան,
Վերածնենք մեր մէջ նոր կեանք ու նոր բարք,
Կեցցէ՛ շատ օրեր մանուկ-Հայաստան։
Կեցցէ՛ շատ օրեր մանուկ-Հայաստան,
Նա՝ որ դեռ միայն մեր սըրտի խորքում
Ունի իւր հիմքը, ո՛չ տուն, ո՛չ կայան
Չունի տակաւին բուն Հայաստանում։
Եղբա՛րք, բանը դեռ անշօշափելի
Այժմուս մեր մըտքին՝ ցնորք չի կարծենք,
Բանը կը մարմնանայ ու տեսանելի
Կը լինի շուտ. միայն մենք վըստահ լինենք։
Մեր յոյսը միայն մեր վրայ լինի,
Չեն պէտք մեզ նըպաստ մեծատուններին,
Ողորմութեամբ թո՛ղ մուրացիկն ապրի,
Մուրացողըն միշտ ստրուկ է օտարին։
Կեցցէ՛ Հայաստան, որ երազական
Կարծում են ծերերն. իրօք չէ՛ այդպէս.—
Մեր հայրենին դեռ չէ՛ չուառական,
Քանի որ ունի քաջ որդիք մեզ պէս։
Բաւ՛ է, օտարին շատ ծառայեցինք,
Ըստրկի վիճակն չէ՛ յաւէրժական,
Ազատութեան գինն մենք քաջ սերտեցինք,
Էլ չենք հաւատալ օտարի խոստման։
Օտարի շահը թոյն է մահաբեր,
Աչք է կուրացնում, միտք է պըղտորում,
Գերի է դարձնում մարդ ազատասէր,
Ոսկի շըղթայով ձեռք ոտք է կապում։
Կը փըշրեմ շըղթաս, կ՚երթամ Հայաստան,
Կը պագնեմ նորա հողը անարատ,
Կ՚ասեմ. «Եկել եմ որդիդ չուառական,
Գըրկիդ մէջ ինձ ա՛ռ, մայր իմ հարազատ։
Չունիմ ես ոսկի, այլ ոսկու մադան,
Ջըլոտ ձեռք ջուխտակ ու սիրտ անվեհեր,
Ձեռքումս ունիմ բահ ու հրացան,
Սըրտումս ունիմ ազնիւ խորհուրդներ։
Քու հողն արգաւանդ, ես մշակ արի,
Մենք հաշտ կու ապրինք շատ ու շատ տարի.
Ուրջուներէդ քեզ ոչինչ շահ չկայ,
Թոյլ տուր, որ բըռնի հալածեմ նոցա։
Դու որդիք ունիս չորս միլիոն ու կէս,
Թէ յանկարծ գաղթեն՝ նոցա տեղ ունե՞ս,
Ըստինքիդ կաթը խնայէ օտարէն,
Գալու որդիքդ քաղցած, ծարաւ են…»։
Հարաւ, հիւսիսէն փոշի վերացաւ…
Ձայն, տրոփ, խօսք, շշուկ զիլ-զիլ լսուեցաւ…
Մասսա ճակատէն մէգը հեռացաւ…
Մանուկ-Հայաստանն ոտքի կայնեցաւ…
Ծանոթագրություններ
- 1 չվառ — թշվառ. չվառական — թշվառական։
- 2 մադան (արաբ.) — հանք։
- 3 մեգ — մառախուղի թանձր շերտ։