Տաճկահայերի օրհաս
Գիտո՛ւն, թո՛ղ գիրքը, ժամ չէ կարդալու,
Գեղջուկ, դու էլ թո՛ղ եզներն ու գութան,
Տեր-հայր, դադարե՛ մեռել թաղելու,
Երկունքի մեջ է մայր մեր Հայաստան…
Երկունքի մեջ է Հայաստան աշխարհ,
Մեզ պիտի շնորհե մի նոր գոյություն,
Փափաքով սպասած ամենեն շատ դար՝
Հայոց աշխարհի սուրբ ազատություն։
Մոռանանք պահ մի հին հաշիվները,
Թողնենք առօրյա անձնական շահը,
Հանե՛նք սըրտերես մեր պիղծ կըրքերը,
Հանե՛նք սըրտերես ըստըրկի ահը։
Քրիստոնյա ենք մենք և սերունդ Հայկի,
Այսքան բա՜վ է։ Է՛լ լուսավորչական,
Կամ պապադավան1 և կամ լոթրանգի2
Ազգը չի բաժնենք՝ ի սեր հայության։
Ծանըր երկունքի մեջ է Հայաստան,
Տա՛նք թեթևություն նորա ցավերին,
Նորա ծընելու գեղեցիկ մանկան,
Թույլ չըտանք խեղդել թըշնամիներին։
Նորածնի առջև բանանք մեր գանձը.
Հարուստը՝ ոսկի, ուժը՝ պատանին,
Հարսը՝ յուր փեսան, քաջը՝ յուր անձը,
Կոնդակի շանթեր՝ սուրբ Էջմիածին։
Աստված մեզ խըղճաց վերջին այս նվագը,
Բացեց մեր պառավ մոր ամուլ արգանդ,
Թե հայը մարդ է՝ կազատվի ազգը,
Թե չէ՛, Հայաստան կըլնի քարքանդ։
Գիտու՛ն, թո՛ղ գիրքը, ժամ չէ կարդալու,
Գեղջուկ, դու էլ թո՛ղ եզներն ու գութան,
Տէր-հայր, դադարէ՛ մեռել թաղելու,
Երկունքի մէջ է մայր մեր Հայաստան…
Երկունքի մէջ է Հայաստան աշխարհ,
Մեզ պիտի շնորհէ մի նոր գոյութիւն,
Փափաքով սպասած ամենէն շատ դար՝
Հայոց աշխարհի սուրբ ազատութիւն։
Մոռանանք պահ մի հին հաշիւները,
Թողնենք առօրեայ անձնական շահը,
Հանե՛նք սրտերէս մեր պիղծ կըրքերը,
Հանե՛նք սըրտերէս ստըրկի ահը։
Քրիստոնեայ ենք մենք եւ սերունդ Հայկի,
Այսքան բա՜ւ է։ Է՛լ լուսաւորչական,
Կամ պապադաւան եւ կամ լոթրանգի
Ազգը չի բաժնենք՝ ի սէր հայութեան։
Ծանր երկունքի մէջ է Հայաստան,
Տա՛նք թեթեւութիւն նորա ցաւերին,
Նորա ծընելու գեղեցիկ մանկան,
Թոյլ չըտանք խեղդել թըշնամիներին։
Նորածնի առջեւ բանանք մեր գանձը.
Հարուստը՝ ոսկի, ուժը՝ պատանին,
Հարսը՝ իւր փեսան, քաջը՝ իւր անձը,
Կոնդակի շանթեր՝ սուրբ Էջմիածին։
Աստուած մեզ խըղճաց վերջին այս նուագը,
Բացեց մեր պառաւ մօր ամուլ արգանդ,
Թէ հայը մարդ է՝ կ՚ազատուի ազգը,
Թէ չէ՛, Հայաստան կը լինի քարքանդ։
Ծանոթագրություններ
- 1 պապադավան — մոլեռանդ կաթոլիկներին տրվող արհամարհական անվանում։
- 2 լոթրանգի (հնացած) — լութերական։ Լյութերականությունը քրիստոնեական բողոքական դավանություններից է, ծագել է 16-րդ դարում՝ Մարտին Լյութերի ուսմունքի հիման վրա։