Անցնել բովանդակությանը

Բինգյոլ

1941

Երբ բաց եղան գարնան կանաչ դռները, Քնար դառան աղբյուրները Բինգյոլի1. Շարվեշարան2 անցան զուգված ուղտերը, Յարս էլ գնաց յայլաները3 Բինգյոլի։ Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ, Նազուկ4 մեջքին, ծով–ծամերին5 կարոտ եմ. Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ, Սև աչքերով էն եղնիկին Բինգյոլի։ Պա՜ղ–պա՜ղ ջրեր, պապակ6 շուրթըս չի բացվի. Ծուփ–ծուփ ծաղկունք7, լացող աչքս չի բացվի. Դեռ չտեսած յարիս,— սիրտըս չի բացվի, Ինձ ի՜նչ, ավա՜ղ, բլբուլները8 Բինգյոլի։ Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ, Բյուր9 լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ. Ես պանդուխտ10 եմ, էս տեղերին ծանոթ չեմ, Քույրիկ, ասա, ո՞րն է ճամփան Բինգյոլի։

1941, Երևան

Ավետիք Իսահակյանն ունի «Բինգյոլ» վերնագրով ևս մեկ բանաստեղծություն («Շընկշընկալով հովն է փչում...»)։

Ծանոթագրություններ

  1. 1 Բինգյոլ — պատմական բարձրավանդակ և լեռնային շրջան Արևմտյան Հայաստանում, որը հայտնի է իր բազմաթիվ սառնորակ աղբյուրներով, լճակներով ու արոտավայրերով (անվանումը թարգմանաբար նշանակում է «հազար լիճ»)։
  2. 2 շարվեշարան — շարք-շարք, շարան առ շարան, շարքերով
  3. 3 յայլա — ամառային արոտավայր, որտեղ բարձրանում և ապրում են խաշնարածներն իրենց անասուններով, սար
  4. 4 նազուկ — քնքուշ, նուրբ
  5. 5 ծամ — կանացի երկար մազեր
  6. 6 պապակ — ծարավ, ծարավելուց տանջված՝ տոչորված
  7. 7 ծաղկունք — ծաղիկներ
  8. 8 բլբուլ — սոխակ, քաղցր-անուշ երգող մարդ։ Փոխառություն է պարսկերեն «بلبل»-ից
  9. 9 բյուր — խիստ շատ, անչափ, անթիվ, անհամար
  10. 10 պանդուխտ — հայրենի երկրներից հեռացած և օտար երկրում ապրող մարդ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Բինգյոլ» բանաստեղծությունը (1941) Արևմտյան Հայաստանի և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1941 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16