Հծծյունք
1871
Երբոր վարդի փունջք հայեցի՝
Ծըլան տժգույն ճակտիդ վերև,
Խոնարհեցիր աչերդ արև,
Քեզ այն օրեն ես սիրեցի։
Թերթեր հուզող սյուքի մը պես՝
Թըռար սրտիս ծալքերն թոթվել,
Քընարի մը կըրակե թել՝
Քեզ ձըգեցիր դու աղիքես։
Արդ կը փախչիս ինձմե սյուքի
Պես, շուքըդ տաս լոկ քընարիս,
Գիսաստղի պես հեռուն կ՚նազիս՝
Հովին տըված մազերդ ոսկի։
Երբ աստղալույց գիշեր է զով,
Շրջագայիս Պաղլար-Պաշի1,
Գիտե՞ս թե սիրտս ո՜րչափ մաշի՝
Շրջազգեստիդ լոկ շրշյունով։
Գա սյուքն ազատ քեզ այցելու,
Նային քեզի աստղերն ազատ,
Ըստվերին մեջ մինակ ու զատ՝
Ես կը դողամ քեզ մոտելու։
Ո՜հ, թող երթա՛ սյուքն իր ծաղկոց,
Նայի՛ն աստեղք թող յ՚Օվկյան,
Եվ թող մեկ մ՚ես ալ թալկանա՛մ
Քու նայվածքիդ մեջ կրակուբոց։
Մահիկն երբոր շառագունած՝
Իջնե լեռնեն ի հորիզոն,
Ալ կ՚անհետիս, չ՚ես շրջիր հոն՝
Կազին, հովին, աստղին դիմաց։
Գերեզմաննոցին ցուրտ ծառեր
Կը փըսփըսան մեռելոց հետ,
Շրջազգեստիդ շրշյունին գեթ
Ինձ արձագանք մահահրավեր։
Նըվաղած են լույս ու ժըխոր,
Դադրած շրշյունք կանանց՝ անմռունչ
Արդ կը թաղվին համբույր, մրմունջ՝
Աստեղազարդ անդունդին խոր։
Շրջազգեստիդ խշրտուքն հար
Կը փըսփըսա դեռ ականջիս,
Հեծկլտալով իջնե հոգիս
Արտոսրալից անդունդ մ՚ի վար…։
Երբոր վարդի փունջք հայեցի՝
Ծըլան տժգոյն ճակտիդ վերեւ,
Խոնարհեցիր աչերդ արեւ,
Քեզ այն օրէն ես սիրեցի։
Թերթեր յուզող սիւքի մը պէս՝
Թըռար սրտիս ծալքերն թօթուել,
Քընարի մը կըրակէ թել՝
Քեզ ձըգեցիր դու աղիքէս։
Արդ կը փախչիս ինձմէ սիւքի
Պէս, շուքըդ տաս լոկ քընարիս,
Գիսաստղի պէս հեռուն կ՚նազիս՝
Հովին տըւած մազերդ ոսկի։
Երբ աստղալոյց գիշեր է զով,
Շրջագայիս Պաղլար-Պաշի,
Գիտե՞ս թէ սիրտս ո՜րչափ մաշի՝
Շրջազգեստիդ լոկ շրշիւնով։
Գայ սիւքն ազատ քեզ այցելու,
Նային քեզի աստղերն ազատ,
Ըստուերին մէջ մինակ ու զատ՝
Ես կը դողամ քեզ մօտելու։
Ո՜հ, թող երթա՛յ սիւքն իր ծաղկոց,
Նայի՛ն աստեղք թող յ՚Ովկէան,
Եւ թող մէկ մ՚ե՛ս ալ դալկանա՛մ
Քու նայուածքիդ մէջ կրակ ու բոց։
Մահիկն երբոր շառագունած՝
Իջնէ լեռնէն ի հորիզոն,
Ալ կ՚անհետիս, չես շրջիր հոն՝
Կազին, հովին, աստղին դիմաց։
Շիրմանց մէջի ցուրտ ցուրտ ծառեր
Կը փըսփըսան մեռելոց հետ,
Շրջազգեստիդ շրշիւնին գէթ
Ինձ արձագանգ մահահրաւէր։
Նըւաղած են լոյս ու ժըխոր,
Դադրած շրշիւնք կանանց՝ անմռունչ
Արդ կը թաղուին համբոյր, մրմունջ՝
Աստեղազարդ անդունդին խոր։
Շրջազգեստիդ խշրտուքն յար
Կը փըսփըսայ դեռ ականջիս,
Հեծկլտալով իջնէ հոգիս
Արտօսրալից անդունդ մ՚ի վար…։
Ծանոթագրություններ
- 1 Պաղլար-Պաշի — Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի հարևան թաղը, ուր բանաստեղծն ապրել է։