Սիրեցի քեզ
1869
Շաղի, շողի ժամք էին.
Վարդից հրդեհ կար յ՚երկին՝
Փոխան1 ամպոց հուր հյուսքի.
Տեղա՜ր մարգրիտ և ոսկի։
Թավուտքի մը խոր ծաղկոտ
Ընկողմանած նըվաղկոտ՝
Կը հևայիր դու տժգույն,
Ամրան սյուքի մը հանգույն։
Աչերդ սիրո Ատրուշա՜ն…
Եվ մատներովդ զերթ շուշան՝
Կը փետտեիր ծաղիկ մի,
Հառած շողից աչքդ երկնի։
Հիանայի թե ի՜նչպես
Փետտել թերթեր վարդին վես՝
Եվ թափթըփել քու գիրգ գիրկ
Կը զորեին մատներդ գիրգ։
Եվ նըվաղկոտ այդ աչեր
Նըշուլեին նո՜ր եթեր,
Եթեր մ՚աստեղց ուր փոխան
Հրաշեկ սլաքք կը շողան։
Ըրիր աչացդ մեկ կայծին
Եվ մեկ վանկիդ զ՚իս գերին,
Շղթայեցիր զ՚իս, անգո՛ւթ,
Նշույլներովն վեհ հոգվույդ։
Թող սիրտս, ինձմե գնա հեռի,
Չ՚ուզեմ հոգվույս թագուհի
Քեզ, որուն կուրծն վարդի թերթ,
Այլ կըրանիտ սիրտն է գեթ։
Դու, որ գիտես լոկ բուրել,
Գիրգ սրտերու վերք փորել,
Եվ կը սիրես, երբ կարի՜
Քեզ պաշտող սիրտն արյունի։
Թավուտքի մը շուք նըսեմ
Երբոր մենիկ արտասվեմ,
Հոն ես դու, կը գտնես զ՚իս,
Տերևներե՜ն կը խոսիս։
Երբ առվակին մեջ փաղփուն2
Կ՚ուզեմ մոռնալ դեմքըդ, դուն
Դարձյալ հոն կը գտնես զ՚իս,
Ալիներե՜ն կը ժպտիս։
Երբ կը փախչիմ ժայռ ու սար՝
Ջախջախել սիրտս և քընար,
Հովին մեջեն միշտ մնչես՝
Թե դու բնավ զ՚իս սիրած չ՚ես։
Գրկեմ սրտովս արդ ցուրտ հող,
Ալ չը դիպիմ քեզի թող.
Կույս մ՚է նաև գերեզման…
Կա՞ խորունկ սիրտ մ՚անոր նման…
Շաղի, շողի ժամք էին.
Վարդից հրդեհ կար յ՚երկին՝
Փոխան ամպոց հուր հիւսքի.
Տեղա՜ր մարգրիտ եւ ոսկի։
Թաւուտքի մը խոր ծաղկոտ
Ընկողմանած նըւաղկոտ՝
Կը հեւայիր դու տժգոյն,
Ամրան սիւքի մը հանգոյն։
Աչերդ սիրոյ Ատրուշա՜ն…
Եւ մատներովդ զերթ շուշան՝
Կը փետտէիր ծաղիկ մի,
Յառած շողից աչքդ երկնի։
Հիանայի թէ ի՜նչպէս
Փետտել թերթեր վարդին վէս՝
Եւ թափթըփել քու գիրգ գիրկ
Կը զօրէին մատներդ գիրգ։
Եւ նըւաղկոտ այլ աչեր
Նըշուլէին նո՜ր եթեր,
Եթեր մ՚աստեղց ուր փոխան
Հրաշէկ սլաքք կը շողան։
Ըրիր աչացդ մէկ կայծին
Եւ մէկ վանկիդ զիս գերին,
Շղթայեցիր զիս, անգո՛ւթ,
Նշոյլներովն վեհ հոգւոյդ։
Թո՛ղ սիրտս, ինձմէ գնա հեռի,
Չուզեմ հոգւոյս թագուհի
Քեզ, որուն կուրծն վարդի թերթ,
Այլ կըրանիտ սիրտն է գէթ։
Դու, որ գիտես լոկ բուրել,
Գիրգ սրտերու վէրք փորել,
Եւ կը սիրես, երբ կարի՜
Քեզ պաշտող սիրտն արիւնի։
Թաւուտքի մը շուք նըսեմ
Երբոր մենիկ արտասուեմ,
Հոն ես դու, կը գտնես զիս,
Տերեւներէ՜ն կը խօսիս։
Երբ առուակին մէջ փաղփուն
Կ՚ուզեմ մոռնալ դէմքըդ, դուն
Դարձեալ հոն կը գտնես զիս,
Ալիներէ՜ն կը ժպտիս։
Երբ կը փախչիմ ժայռ ու սար՝
Ջախջախել սիրտս եւ քընար,
Հովին մէջէն միշտ մնչես՝
Թէ դու բնաւ զիս սիրած չես։
Գրկեմ սրտովս արդ ցուրտ հող,
Ւ՚ալ չը դիպիմ քեզի թող.
Կոյս մ՚է նաեւ գերեզման…
Կա՞յ խորունկ սիրտ մ՚անոր նման…
Ծանոթագրություններ
- 1 փոխան — փոխարեն։
- 2 փաղփուն — փայլող, պսպղուն։