Անցնել բովանդակությանը

Հայ վիշտը

1879

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Գիտեմ, խեղճ հային չեն տալ Հայաստան, Մեզ ազգ կազմելու ամենքն են խափան, Նախանձ, քեն և ահ տիրել է հոգին Դեպի հայերուս շատ ու շատ ազգին։ Թե թուր վերցնեինք՝ մեզ պիտ մորթեին, Ոչ ոք պիտ ելներ պաշտպան խեղճ հային. Երբոր լուռ կեցանք մենք խոհեմաբար, Ասին. «Մեռել եք հոգեպես իսպառ»։ Ի՞նչ անենք ուրեմն, ինչպե՞ս փըրկըվինք, Մեզ հալածողեն մենք որտե՞ղ փախչինք. Հայության անվան խարանած կընիք։ Հայի ճակատին կոխել են մարդիկ։ Վեց հարյուր տարի մենք կիսակենդան՝ Կըսողանք տրորած ճըճուի նըման, Փոխան շիջելու նախանձը մարդոց՝ Սաստկացավ, ավաղ, զերդ հըրդեհ ու բոց։ Կուզեն որ հայքըս մեր սուրբ հավատքեն Հրաժարվինք, ինչպես մահացու մեղքեն, Մեր լեզուն, մեր ծեսք՝ նըշանք ազգության, Երբեք չըհիշվին ի մեջ մարդկության։ Կըրնա՞մ ուրանալ ես իմ պապերուս, «Մորդ ատե՛»- խրատել հարազատ որդուս, Իմ ձեռքով պըղծել իմ սուրբ ավազան, Ազգուրացն, ասե՛ք, չէ՞ վայրի գազան։ Ինչպե՞ս կը կըրնամ ես տալ մոռացման Քո սուրբ հիշատակն, Մամիկոն Վարդան։ Ո՞ր ազգի պատմիչք չորս-հինգ հատ ցուցին Նըման մեր անմահ Ղևոնդ Երեցին։ Չէ՛, անհընար է ազգեն հրաժարվել, Ինչպես որ միսը ոսկորեն բաժնել. Սինլըքոր կըմնամ, ըստոր ու ատած, Բայց ես չեմ լինիլ երբեք ազգուրաց։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Հայ վիշտը» բանաստեղծությունը (1879) հայրենիքի և հայոց լեզվի մասին։

Բանաստեղծությունը փակուղի է նկարագրում. թուր վերցնեինք՝ կմորթեին, լուռ մնացինք՝ ասացին «Մեռել եք հոգեպես իսպառ»։ Վեց հարյուր տարի կիսակենդան սողալուց հետո ուրիշների նախանձը ոչ թե մարել, այլ սաստկացել է, և պահանջում են հավատքից, լեզվից ու ծեսից հրաժարվել։ Վերջին տները այդ միակ բանն են, որ բանաստեղծը զիջել չի կարող՝ Վարդանն ու Ղևոնդը մոռացման տալ նույնն է, ինչ միսը ոսկորից բաժանել։

Ստեղծագործությունը պարունակում է 32 տող՝ բաժանված 8 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1879 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 32