Օրորոցի երգ
(Արի, իմ սոխակ)
1881
Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտեզ, մերին,
Տաղերով քուն բե՛ր տըղիս աչերին.
Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե տիրացու դառնալ։
Ե՛կ, աբեղաձա՛գ1, թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե՛ տըղիս, քընի է կարոտ.
Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։
Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը,
Վուվուով տըղիս բե՛ր անուշ քունը.
Բայց նա լալիս է. տատրակի՛կ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սըգավոր դառնալ։
Կաչաղա՛կ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զըրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է. կաչաղա՛կ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սովդաքար2 դառնալ։
Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե…
Բազեն որ եկավ՝ որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քընեցավ։
Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտէզ, մէրին,
Տաղերով քուն բե՛ր տըղիս աչքերին.
Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի՛ գալ.
Իմ որդին չուզէ տիրացու դառնալ։
Ե՛կ, աբեղաձա՛գ, թո՛ղ արտ ու արօտ,
Օրօրէ՛ տղիս, քընի է կարօտ.
Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզէ աբեղայ դառնալ։
Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը,
Վուվուով տըղիս բե՛ր անուշ քունը.
Բայց նա լալիս է. տատրակի՛կ, մի՛ գալ,
Իմ որդին չուզէ սըգաւոր դառնալ։
Կաչաղա՛կ ճարպիկ, գող, արծաթասէր,
Շահի զըրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է. կաչաղա՛կ, մի՛ գալ,
Իմ որդին չուզէ սովդաքար դառնալ։
Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազէ,
Քու երգը գուցէ իմ որդին կ՚ուզէ…
Բազէն որ եկաւ՝ որդիս լըռեցաւ,
Ռազմի երգերի ձայնով քընեցաւ։
Ծանոթագրություններ
- 1 աբեղաձագ — դաշտային երգեցիկ թռչուն. անվան մեջ լսվում է «աբեղա» բառը, ինչի վրա էլ խաղում է տունը։
- 2 սովդաքար — վաճառական, առևտրական։